Lufthansa-ի անձնակազմի գործադուլը հանգեցրել է Գերմանիայում հարյուրավոր չվերթների չեղարկման

Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուների և ուղեկցորդուհիների գործադուլը հանգեցրել է Ֆրանկֆուրտի, Բեռլինի, Համբուրգի և Դյուսելդորֆի օդանավակայաններում չվերթների լայնածավալ չեղարկումների, հաղորդել է AFP-ն Այնուամենայնիվ, Մյունխենում չվերթների մեծ մասը կատարվել է ժամանակացույցով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վաղը՝ փետրվարի 13-ին մեկնարկում է Մյունխենի անվտանգության համաժողովը

Lufthansa-ն քննադատել է երկու արհմիությունների կողմից «չափազանց հանկարծակի» հայտարարված գործադուլը՝ նշելով, որ այն «շատ լուրջ և անհամաչափ ազդեցություն է ունեցել ուղևորների վրա», նաև կոչ է արել կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Կենսունակ լուծումներ կարելի է գտնել միայն երկխոսության միջոցով. գործադուլները միշտ պետք է լինեն վերջին միջոցը»,- ընդգծել է ընկերությունը:

Փետրվարի 10-ին գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուներն ու ուղեկցորդուհիները հայտարարել էին 24-ժամյա գործադուլի մասին, որը սկսվել է փետրվարի 12-ի առավոտյան: Օդաչուների միությունը՝ Vereinigung Cockpit-ը (VC), և ուղեկցորդուհիների միությունը՝ UFO-ն, պահանջում են Lufthansa-ի աշխատակիցների կենսաթոշակային պայմանների բարելավում և ղեկավարության հետ բանակցություններ՝ աշխատուժի առաջիկա կրճատումների վերաբերյալ։

VC-ի փոխնախագահ Անդրեաս Պինեյրոն նշում է, որ արհմիության անդամները «շատ կցանկանային խուսափել սրացումից», բայց դեռևս որևէ զիջում չեն ստացել Lufthansa-ի ղեկավարությունից։

Lufthansa-ի վերջին ֆինանսական հաշվետվությունից հետևում է, որ ընկերությունը 2024 թվականին կկորցնի շահույթի մեկ հինգերորդ մասը, և նրա շահութաբերությունը հետ է մնացել Եվրոպայի մյուս առաջատար քաղաքացիական ավիաընկերություններից։

Այս ֆոնին Lufthansa-ն հայտարարել է ծախսերի կրճատման մասին՝ իր պարտքի բեռը նվազեցնելու համար։ Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է կրճատել 4000 աշխատատեղ (իր ընդհանուր աշխատուժի մոտավորապես 4%-ը)։ Մոտ 800 կրճատումներ, ինչպես կանխատեսվում է, կազդեն ուղեկցորդուհիների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment