Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) օրերս հրապարակած ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը», հայտնում է «Ազատությունը»:
Այդ ընտրատեղամասերում գրանցված արդյունքների չեղարկման հետևանքով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» դուրս է մնացել խորհրդարանից, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար լրացուցիչ մանդատներ է ստացել։
ԵԽԽՎ դիտորդների գնահատմամբ՝ ԿՀԸ-ի ընդունած որոշումն ազդեցություն է ունեցել ինչպես ընտրությունների ընդհանուր արդյունքի, այնպես էլ խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Այդ պատճառով Հայաստանի իշխանություններին հորդորել են փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում՝ կրկնակի քվեարկության անցկացման կարգը հստակ սահմանելու նպատակով։
Եվրոպացի դիտորդներն առանձնացրել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում՝ ընտրակաշառքի դեպքերը, քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումը, արձանագրված խախտումների դեպքում արդյունավետ և ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի՝ ընտրական իրավունքից զրկվելը, որը խորհրդարանական լուրջ հետևանքներ է ունեցել։
ԵԽԽՎ-ի զեկույցում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանի գործոնին։ Դիտորդները նշել են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների»։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Սա, հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար գործադրվող ճնշումների և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ առաջացրեց քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ», – գրել են զեկույցի հեղինակները:
ԵԽԽՎ-ն նաև եզրակացրել է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տվել հայ ժողովրդի եվրոպամետ ուղու ընտրությունը։
«Հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը՝ չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ ծավալների արտաքին ճնշումներին։ Նորընտիր իշխանություններն այսպիսով ժողովրդից ստացել են հստակ մանդատ, որը նրանք այժմ պետք է հարգեն»,-ասվում է զեկույցում:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա: Արդյունքում ԲՀԿ-ն զրկվեց այդ ընտրատեղամասերում հավաքած ձայներից և չանցավ ԱԺ: