ՀՀ-ում կստեղծվի Արագ արձագանքման բժշկական խումբ՝ արտակարգ իրավիճակների համար

Այն նպատակ ունի ապահովել որակյալ բժշկական սպասարկում թե՛ երկրի ներսում արտակարգ իրավիճակներին արձագանքելու, թե՛ ՀՀ տարածքից դուրս մարդասիրական առաքելություններ իրականացնելու համար


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ՀՀ կառավարությունը չզեկուցվող նախագծերի փաթեթով հաստատել է ՀՀ-ում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու մասին նախագիծը։


Այն նպատակ ունի ապահովել որակյալ բժշկական սպասարկում թե՛ երկրի ներսում արտակարգ իրավիճակներին արձագանքելու, թե՛ ՀՀ տարածքից դուրս մարդասիրական առաքելություններ իրականացնելու համար:


Ըստ նախագծի՝ խումբը պետք է լինի ինքնաբավ, այսինքն` հագեցած լինի անձնակազմով, գույք-սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:


Նախագծով սահմանվում է ՀՀ «Արագ արձագանքման բժշկական թիմի» (ԱԱԲԽ-ի) կառուցվածքը, կազմը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը (դեղեր, բժշկական արտադրատեսակներ, բժշկական սարքավորումներ, նյութատեխնիկական ապահովման միջոցներ), ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավելու կարգը:


Հիշեցնենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համապատասխան փոփոխություններն արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 5-ին։


 


Leave a comment