ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է Պարսից ծոցի տարածաշրջանի քարտեզը, որտեղ ռազմավարական նշանակություն ունեցող Օրմուզի նեղուցը նշված է որպես «Թրամփի նեղուց» (Trump Strait)։
Այս քայլը հաջորդել է Թեհրանի կողմից առաջարկված յոթօրյա զինադադարի պլանի մերժմանը։ Իրանական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է վերաբացել նեղուցը նավագնացության համար, եթե Վաշինգտոնը հանի ռազմածովային շրջափակումը և նավթային պատժամիջոցները։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը մերժել է առաջարկը՝ պնդելով, որ Իրանն ընդամենը փորձում է ժամանակ շահել։
Դեռևս սեպտեմբերի 2-ին Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Օրմուզի նեղուցն անցել է ամերիկյան ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Նա առաջարկել էր ջրանցքը վերանվանել «Թրամփի նեղուց»՝ հայտարարելով, թե ամերիկյան ռազմածովային նավատորմի առկայության շնորհիվ այդ տարածքը կարելի է դիտարկել որպես «ԱՄՆ տարածք»։
Փորձագետները նշում են, որ սոցիալական ցանցերում արված այս հրապարակումը չունի իրավական ուժ և չի փոխում նեղուցի միջազգային կարգավիճակը, սակայն այն էլ ավելի է սրում լարվածությունը Միացյալ Նահանգների և Իրանի միջև։ Օրմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի փոխադրումների մոտ մեկ հինգերորդ մասը, և դրա շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է ցնցումներ առաջացնել էներգետիկ շուկաներում։