Ղազախստանում զորավարժությունների ընթացքում 14 զինծառայողի զոհվելուց հետո նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին և հանձնարարել ռազմական բարեփոխումների ծրագիր մշակել։
Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի հարավ-արևմուտքում գտնվող Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովում, փոթորկոտ եղանակային պայմաններում դեսանտային նավից իջնելու ընթացքում ջրում է հայտնվել 17 զինծառայող։
Հաղորդվել է, որ զինծառայողներին ծովն է քշել այն ժամանակ, երբ նրանք փոթորկոտ եղանակին Կասպից ծովում վարժանք են կատարել՝ դեսանտային նավից մեկ մետր խորությամբ ջրի մեջ իջնելու համար։ Փրկել հաջողվել է միայն երեք զինծառայողի։
Տոկաևի խոսքով՝ զինծառայողները փրկաբաճկոններ չեն ունեցել։ Զոհվածների մեծ մասը 18-23 տարեկան ժամկետային ծառայության շարքային նավաստիներ են եղել, գրում է BBC-ն:
Սեպտեմբերի 27-ին նախագահ Տոկաևն իր հրամանագրով պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին։ Նա նաև խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացրել է գերատեսչության նոր ղեկավարին։ Պաշտպանության նախարար է դարձել Այդոս Միրզախմետովը, որը մինչ այդ ղեկավարել է հատուկ նշանակության ուժերը։
Կոսանովը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարի և երեք ամիս։ Այդ ժամանակահատվածում զինված ուժերում մի քանի արտակարգ դեպքեր են գրանցվել՝ զինծառայողների զոհերով, ինչպես նաև սկանդալներ են առաջացել զորամասերում ժամկետային զինծառայողների ինքնասպանության փորձերի պատճառով։
Այդ հանգամանքները չեն խանգարել Տոկաևին սեպտեմբերին Ղազախստանի նոր կառավարության ձևավորման ժամանակ Կոսանովին կրկին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։
«Բանակում վաղուց առկա խնդիրները ղեկավարությունը տարեցտարի չի լուծում, ինչը խաթարում է երկրի պաշտպանունակությունը։ Նախորդ ողբերգություններից որևէ դաս չի քաղվել։ Ո՞վ է մշակել և հաստատել այս զորավարժությունների մտահղացումը։ Ի՞նչ դեր և համակարգում է ունեցել գլխավոր շտաբը։ Ինչո՞ւ զորավարժություններին ներկա չի եղել ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։ Անպատասխանատվությունը, անփութությունը, ցուցամոլությունը սովորական երևույթ են դարձել», — Տոկաևի խոսքերը մեջբերել է Ղազախական հեռագրական գործակալությունը։
Հայտնի է դարձել, որ զինծառայողների զոհվելու գործով ձերբակալվել են երկրի Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք։ Քրեական գործ է հարուցվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, ծանր հետևանքների առաջացման և նավավարման կանոնների խախտման հոդվածներով։
«Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և նավավարման կանոնների խախտման հետ կապված, ծանր հետևանքներ առաջացրած քրեական իրավախախտումներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն և ավագ հրամանատարական կազմի պատասխանատու պաշտոնատար անձինք», — հայտարարել է երկրի ՆԳՆ-ն։
Ձերբակալվածների թվում են ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, երկու զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև ծովային հետևակի վաշտի և մոտորանավակի հրամանատարները։
Տոկաևը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության գործունեությունը ենթարկվելու է համապարփակ ստուգման, որը ղեկավարելու է ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյան։
Զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ քննադատությունից բացի՝ նախագահը կիրակնօրյա խորհրդակցությունն օգտագործել է նաև ռազմական բարեփոխման մասին հայտարարելու համար, որը, նրա խոսքով, ազգային բանակը պետք է համապատասխանեցնի ներկայիս իրողություններին։
«Մեր բանակը մնացել է անցյալ դարում […] Բարեփոխման նպատակը նոր տիպի բանակի ձևավորումն է», — հայտարարել է Տոկաևը։
Նախագահը հայտնել է, որ նման բարեփոխման ծրագիրը պետք է պատրաստվի տասը օրվա ընթացքում և քննարկվի անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի երկրորդ կեսին նախատեսված նիստում։