Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Չեռնոգորիայի ընտրանուն համարում է Ազգերի լիգայի երկրորդ տուրի առաջիկա հանդիպման ֆավորիտ։
«Մենք կշարունակենք համեստ մնալ ու նայել առաջ, քանի որ Լատվիայի խաղն արդեն անցյալում է: Առջևում ունենք ևս 5 հանդիպում: Մենք գիտենք, որ շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, սակայն նմանատիպ խաղերում որոշիչ կարող է լինել ինքնանվիրումը: Տղաների հետ անելու ենք ամեն ինչ, ինչը մեզնից է կախված»,-նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տիկնիզյանը, հայտնում է Արմենպրեսը:
Ֆուտբոլիստի խոսքով՝ խաղադաշտում ինքը ձգտում է կատարել այն առաջադրանքները, որոնք ստացել է մարզչից։
«Չեռնոգորիան ֆավորիտ է մեր խմբում ու այս խաղում: Մենք գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը, սակայն մեր մրցակիցներն էլ պիտի գիտակցեն, որ խաղում ենք տանը, մեր երկրպագուների աջակցության ներքո ու իրենց հեշտ հանդիպում չի սպասվում»,- առանձնացրել է նա:
Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին Երևանում հյուրընկալելու է Չեռնոգորիայի ընտրանուն։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 20։00-ին։