ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի 4 համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մասնակցության նախնական տվյալները:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 4 համայնքներում քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր 6,951 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3,720-ը կամ ընտրողների 53.52%-ը:

Թումանյան համայնքում գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 4,198 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 2,517 ընտրող (59.96%)։

Ֆերիկ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 163 բնակչից ընտրատեղամաս է ներկայացել 93-ը (57.06%)։

Արզնի համայնքում 1,978 ընտրողից իր քաղաքացիական պարտքն է կատարել 894-ը (45.20%)։

Լերմոնտովո համայնքում արձանագրվել է մասնակցության ամենացածր ցուցանիշը. 612 ընտրողից քվեարկել է ընդամենը 216-ը (35.29%)։

Հիշեցնենք, որ այս ընտրություններում գործել է ընտրելու իրավունքի նոր կարգավորում։ ՏԻՄ ընտրություններին կարող էին մասնակցել 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեցել են առնվազն վեց ամսվա հաշվառում և քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։

Factor.am-ի ուսումնասիրությամբ՝ այս կարգավորմամբ պայմանավորված՝ չորս համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների թիվը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թվի համեմատ նվազել էր շուրջ 20 տոկոսով։

Անի Թամրազյան

Leave a comment