Հանրային հեռուստաընկերության եթերային քաղաքականությունը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, հանրային խիստ դժգոհության ու քննադատության ալիք է բարձրացրել։ Ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառմամբ է հանդես եկել Վլադիմիր Մաթևոսյանը՝ Հ1-ի ղեկավարությանը կոչ անելով անհապաղ եթերից հանել «Մեծ բանավեճ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Մաթևոսյանի փոխանցմամբ՝ հազարավոր նահատակների հիշատակի օրը Հանրային ալիքը նախ ցուցադրել է Թաթա Սիմոնյանի համերգը, իսկ այժմ պատրաստվում է եթեր հեռարձակել Եկեղեցուց հեռացված ու կարգալույծ արված նախկին հոգևորականների մասնակցությամբ հաղորդում․
«Հ1, եթե վերջնականապես չեք վերածվել AzTV-ի, և եթե այդ շենքում դեռ կա գոնե մեկ մարդ, որը տարբերում է հանրային հեռարձակումը քաղաքական սպասարկումից, այսօր եթեր մի՛ տվեք այդ հաղորդումը։ Սեպտեմբերի 27-ն է․ հազարավոր զոհերի հիշատակի օրը։ Դուք արդեն Թաթայի համերգով ցույց տվեցիք, թե որքան խորն է բարոյական խզման ձեր անսահմանությունը։ Հիմա նույն օրը պատրաստվում եք Եկեղեցուց հեռացված ու կարգալույծ վարձու նախկին հոգևորականների մասնակցությամբ «բանավեճ» անվան տակ Եկեղեցու դեմ հերթական եթերը տալ»,- գրել է նա։
Գրառման մեջ ընդգծվում է, որ սա այլևս ճաշակի կամ խմբագրական նախասիրության հարց չէ, այլ բարոյական սահմանագիծ․
«Կան օրեր, երբ նույնիսկ ամենաանպատասխանատու խմբագրությունը պետք է հասկանա՝ ինչ չի կարելի անել և որտեղ է սահմանը։ Հանե՛ք հաղորդումը եթերից։ Գոնե այսօր մի՛ պղծեք օրվա խորհուրդն ու մի՛ վիրավորեք հավատացյալ մարդկանց զգացմունքները։ Հարյուր հազարավորների արդեն վիրավորեցիք էս օրով համերգ եթեր տալով։ Կանգ առեք, այդ շենքում ադեկվատ մարդ մնացե՞լ է»։