Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում «Դալմա»-ի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի, փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կիլոմետրից։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատուները։
Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Թե ինչն է եղել ենթակայանում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։