ԵԽԽՎ-ն կանդրադառնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն կանդրադառնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2026 թվականի աշնանային նստաշրջանի գլխավոր իրադարձություններից են Մոնակոյի Իշխան Ալբեր II-ի, Պորտուգալիայի Հանրապետության նախագահի՝ Անտոնիու Ժոզե Մարտինշ Սեգուրուի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի ելույթները։ Նստաշրջանը կանցկացվի Ստրասբուրգում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը։

Նստաշրջանի բացման օրվա արարողության ընթացքում կշնորհվի Մարդու իրավունքների Վացլավ Հավելի 14-րդ մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության գործում ակնառու ավանդ ունեցող անձանց։ Երեք կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուներից կընտրվի մրցանակակիրը։ Արարողությանը կմասնակցի և Վեհաժողովին ելույթ կունենա նաև 2021 թվականի մրցանակակիր, բելառուս իրավապաշտպան Մարիա Կալեսնիկավան, որը մրցանակի շնորհման պահին կալանքի տակ էր, սակայն ազատ է արձակվել 2025 թվականի դեկտեմբերին։

 Առաջաևկվում է անցկացնել հրատապ քննարկում՝ «Սեուտան հարձակման ներքո. միգրացիայի զինականացում և կառավարության ձախողում» թեմայով, ինչպես նաև ընթացիկ հարցերի քննարկում՝ «Թիրախային հարձակումները Թուրքիայում ԼԳԲՏԻ համայնքի և նրա իրավունքների դեմ. ժողովրդավարական հետընթացի ևս մեկ տագնապալի նշան» թեմայով։

Վեհաժողովը նաև կգնահատի Հունաստանի կողմից Եվրոպայի խորհրդում անդամակցության պարտավորությունների կատարումը։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեին կներկայացնի նախորդ նստաշրջանից ի վեր ԵԽ նախարարական մարմնի աշխատանքը և կպատասխանի պատգամավորների հարցերին։

Վեհաժողովում ելույթ կունենան և անդամների հարցերին կպատասխանեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Խորհրդարանականները կքննարկեն նաև մեդիա բազմակարծությանը և լրատվամիջոցների անկախությանը սպառնացող աճող վտանգները։ Կանցկացվի ընդհանուր քաղաքականության քննարկում՝ «Եվրոպան՝ ամենաարագ տաքացող մայրցամաքը. երիտասարդների հետ կլիմայական գործողությունների արագացում» թեմայով, եվրոպացի երիտասարդների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Օրակարգում ներառված են նաև ընտանիքամետ Եվրոպայի և ժողովրդագրական վերականգնման վերաբերյալ առաջարկությունների, սոցիալական համախմբվածության ու ժողովրդավարական մասնակցության զարգացման գործում սփյուռքների և միգրանտների դերի, ինչպես նաև Վեհաժողովի ընթացակարգային կանոնների պարզեցման հարցերը։

Բացի այդ, կքննարկվեն Կոսովոյի վեհաժողովի արտահերթ ընտրությունների և Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցերը։

Նստաշրջանի առաջին օրը ԵԽԽՎ-ի՝ Ռուսաստանի դեմոկրատական ուժերի հետ երկխոսության հարթակը, Վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի և Ազատ ու արդար ընտրությունների խորհրդարանական դաշինքի հետ համագործակցությամբ, կկազմակերպի կլոր սեղան՝ «Կեղծ «ընտրությունները» Ռուսաստանում. ի՞նչ է հաջորդը» թեմայով։

Վեհաժողովը վերջնական օրակարգը հաստատում է միայն նստաշրջանի առաջին օրը։

 

Leave a comment