Ավելի քան 3000 լիտր վառելիք և յուղ. ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 2 դեպք են բացահայտել

46-ամյա տղամարդը հայտնել է, որ այն ձեռք է բերել շահույթ ստանալու նպատակով վաճառելու համար


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:


Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանութունը։


Ըստ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ստացված տեղեկատվության՝ Էջմիածին քաղաքի 46-ամյա բնակիչը զբաղվել է բենզինային վառելիքի ապօրինի վաճառքով:


Համայնքային ոստիկաններն այցելել են 46-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են 1000 լիտրից ավելի բենզինային վառելիք և վաճառքի համար նախատեսված սարքավորումներ:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա էջմիածինցու տանը հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված ընդհանուր 1246 լիտր բենզինային վառելիք:


Տանտերը հայտնել է, որ այն ձեռք է բերել շահույթ ստանալու նպատակով վաճառելու համար:


Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին նաև փետրվարի 9-ին, ըստ որի՝ Շահումյան գյուղի 55-ամյա բնակիչը զբաղվում է դիզվառելիքի, բենզինի և տրանսպորտային միջոցների շարժիչի յուղի վաճառքով:


Շահումյան մեկնած համայնքային ոստիկանները 55-ամյա տղամարդու բնակության հասցեի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են 300 լիտր բենզինային վառելիք, 1700 լիտր դիզվառելիք, պլաստմասե տարաներով շարժիչի յուղ՝ ընդհանուր 100 լիտր, հակասառեցման համակարգի համար նախատեսված հեղուկ և համապատասխան սարքավորումներ:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 55-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել են 1840 լիտր դիզելային վառելիք, 130 լիտր բենզին, 42 լիտր ավտոմեքենայի շարժիչի հովացման հեղուկ, 35 լիտր ավտոմեքենայի դիմապակու հեղուկ, 990 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ:


Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:

Leave a comment