Իռլանդիայի հավաքականը որոշել է չբոյկոտել Իսրայելի դեմ հանդիպումը․ դարպասապահը լքել է թիմը

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները քվեարկությամբ որոշում են կայացրել չբոյկոտել ՈւԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակներում նախատեսված հանդիպումը Իսրայելի ընտրանու դեմ։ Չնայած թիմի խաղացողներից մեկի՝ Գազայի հատվածում ընթացող պատերազմի պատճառով խաղադաշտ դուրս գալուց հրաժարվելուն, թիմի մեծամասնությունը կողմ է արտահայտվել հանդիպումն անցկացնելուն։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին, հայտարարել է Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Դևիդ Կուրելը։

«Մենք քվեարկություն անցկացրեցինք ֆուտբոլիստների շրջանում՝ պարզելու նրանց դիրքորոշումը Իսրայելի դեմ խաղի վերաբերյալ։ Ճնշող մեծամասնությունը արտահայտվեց մասնակցությունը շարունակելու օգտին։ Սրանով հիմնավորված՝ ասոցիացիան, իռլանդական ֆուտբոլի անունից, որոշեց անցկացնել հանդիպումը, քանի որ մեր նպատակը միշտ եղել է խաղացանկով ստանձնած պարտավորությունների կատարումը», — նշել է Կուրելը։

Ավելի վաղ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իսլանդացի Հեյմիր Հադլգրիմսոնը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ ֆուտբոլիստներից մեկը հրաժարվել է մասնակցել Իսրայելի դեմ հանդիպմանը, ինչն էլ ներթիմային քվեարկություն անցկացնելու պատճառ էր դարձել։ Irish Times և Irish Independent պարբերականների տեղեկություններով՝ խաղին մասնակցելուց հրաժարվել է դարպասապահ Գևին Բազունուն, ով արդեն լքել է հավաքականի ճամբարը։

Գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ կիրակի օրը կայանալիք հանդիպման ժամանակ իռլանդացի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև կապերով՝ ի հիշատակ հակամարտության ընթացքում զոհված բոլոր զոհերի։ Բացի այդ, մարզիկները հանդիպման համար նախատեսված իրենց հոնորարները կփոխանցեն բարեգործական նպատակներով։ Խաղից առաջ իսրայելցի ֆուտբոլիստների հետ ձեռքսեղմման և դրոշակների (վիմպելների) փոխանակման ավանդական արարողությունը նույնպես չի կայանա։

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ էսկալացիայի ելակետ էր դարձել ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, որի հետևանքով զոհվել էր շուրջ 1200 մարդ, իսկ 250-ը պատանդառվել էին։ Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին։ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ցամաքային գործողության և ռմբակոծությունների հետևանքով, ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է ավելի քան 70 հազար պաղեստինցի, իսկ ավելի քան 169 հազարը ստացել են վիրավորումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment