Էտնա հրաբխի ժայթքումը կաթվածահար է արել Սիցիլիայի ավիացիան

Իտալական Սիցիլիա կղզում գտնվող Կատանիա-Ֆոնտանարոսա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու իրականացումը՝ Էտնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով։ Ինչպես հայտնում է Euronews լրատվական գործակալությունը, հրաբխային ակտիվությունն ուղեկցվել է մոխրի հզոր արտանետմամբ, որի ամպերը բարձրացել են մինչև չորս կիլոմետր բարձրության վրա։

Մոխրային ամպերի տարածման և քամու անբարենպաստ ուղղության պատճառով ավիացիոն իշխանությունները ստիպված են եղել փակել տարածաշրջանի առանձին օդային գոտիներ։ Օդանավակայանի աշխատանքը գրեթե ամբողջությամբ կասեցվել է մինչև սեպտեմբերի 27-ի կեսօրը։ Օդանավակայանի տնօրինությունը ուղևորներին կոչ է արել նախապես ստուգել չվերթների կարգավիճակը և առանց թռիչքի հաստատման չժամանել տերմինալներ։

Չվերթների խափանումներ են արձանագրվել նաև Սիցիլիայի այլ օդանավակայաններում, մասնավորապես՝ Կոմիզոյում, Պալերմոյում և Տրապանիում, որտեղ վայրէջք են կատարում Կատանիայից վերահասցեագրված օդանավերը։

Թռիչքների մասսայական չեղարկումներն ու հապաղումները լուրջ բարդություններ են առաջացրել տարածաշրջանային տրանսպորտային համակարգում։ Հասարակական կազմակերպությունները ահազանգում են առանձին ուղղություններով ավիատոմսերի գների կտրուկ աճի մասին։

Տրանսպորտային միությունները խիստ քննադատության են ենթարկել իշխանություններին՝ Էտնայի պարբերական ժայթքումների դեպքում գործողությունների մշտական ծրագրի բացակայության համար, և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ են արել մշակել արտակարգ իրավիճակներում արձագանքման հստակ մեխանիզմներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Էտնայի նախորդ ժայթքումը նույնպես հանգեցրել էր Սիցիլիայի ավիափոխադրումների զգալի խափանումների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment