Քաղաքականություն
26.09.2026 | 19:28
ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Կոմֆորտ Էրոյի հանդիպմանը անդրադարձ է կատարվել խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը, ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին և տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին։
«Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և հնարավորությունները, ինչպես նաև խաղաղության հետագա ամրապնդման ու ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով, որ դիվանագիտությունը և բանակցությունները միակ ճանապարհն են երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար:
Դավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն քննարկել են նաև «Երևանյան երկխոսություն» ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում: