Իրանն ԱՄՆ-ին փոխանցել է յոթօրյա հրադադարի ծրագիր՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու նպատակով, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամերիկյան մամուլի, մերժել է առաջարկը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ում լրագրողներին հայտնել էր, որ Թեհրանը խաղաղության ծրագիր է փոխանցել Քաթարի միջոցով։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը պետք է մեկնարկ տար յոթօրյա հետհաշվարկի՝ մինչև Հորմուզի նեղուցի բացումը և տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը, գրում է BBC-ն:
«Եթե ամերիկյան կողմը համաձայնագիր կնքելու և Հորմուզի նեղուցը բացելու լուրջ մտադրություն ունի, ապա այժմ դրա համար ամեն ինչ պատրաստ է»,- հայտարարել է Արաղչին։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անունները չնշած ամերիկացի պաշտոնյաների, Թրամփը մերժել է Իրանի առաջարկը։ Նա նաև իր խորհրդականներին ասել է, որ ակնկալում է նոյեմբերին Կոնգրեսի ընտրություններից հետո ռմբակոծությունների վերսկսում։
ԱՄՆ նախագահը նաև իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ շրջագծելով այն և պատկերը մակագրելով «Թրամփի նեղուց» բառերով։
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ կարևոր որոշում է սպասվում՝ ոչնչացնել Իրանը, թե համաձայնագիր կնքել նրա հետ։
Ամերիկացի պաշտոնյան ավելի վաղ Reuters-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով «դրական և կառուցողական բանակցություններ» են վարում։
Սակայն, ինչպես գրել է The Wall Street Journal-ը, Թրամփը մասնավոր զրույցներում կասկած է հայտնել, որ Իրանը կկատարի իր պահանջները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ նեղուցը կրկին կբացվի «անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում», որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել դեռ հունիսին՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։
Այդ 60-օրյա ծրագիրը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցում, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացում։ Իրանը և ԱՄՆ-ն փաստաթուղթը ստորագրել են հունիսի 18-ին, ինչից հետո ռազմական գործողությունները որոշ ժամանակով դադարել են։
Հրադադարը մեկ ամսից պակաս է պահպանվել, իսկ փոխադարձ հարվածները վերսկսվել են հուլիսի 8-ին։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին սկսված պատերազմն Իրանի դեմ հազարավոր մարդկանց կյանք է խլել՝ հիմնականում Իրանում և Լիբանանում։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Հակամարտությունը լայնածավալ էներգետիկ ճգնաժամ է առաջացրել՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակման հետևանքով։