Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել։
«Դիվանագետը նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին դեռևս առկա խոչընդոտների վերացման կարևորությունը»,-գրում է APA-ն:
Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է կոնկրետ տնտեսական արդյունքներ ապահովել։ Այս համատեքստում նա մատնանշել է տարանցման սահմանափակումների «միակողմանի վերացումը և առանձին ոլորտներում Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկը»։
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի «ստորագրման խոչընդոտ» է համարում ՀՀ Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Արցախը։
Սեպտեմբերի 9-ին Բայրամովը հայտարարել էր, որ որ ադրբեջանական կողմը հետևում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։ Նա նշել էր, որ Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները բոլորին լավ հայտնի են՝ հավելելով, որ Վաշինգտոնի հռչակագրում ևս ասվում է, որ ՀՀ-ն պետք է նոր Սահմանադրություն ընդունի: