«Մայքրոսոֆթ» տեխնոլոգիական կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը կարող է մարդկության զգալի մասի մահվան պատճառ դառնալ։
Սեպտեմբերի 25-ին, ամերիկյան Էն Բի Սի Նյուզ հեռուստաալիքի եթերում, պատասխանելով ԱԲ մշակողների՝ մարդկության ոչնչացման վտանգների վերաբերյալ վերջին նախազգուշացումներին առնչվող հարցին, նա հայտարարել է. «Որևէ կասկածից վեր է, որ ԱԲ-ն բավարար հզորություն ունի՝ հրահրելու իրադարձություններ, որոնք կհանգեցնեն մեկ միլիարդ մարդու մահվան»։
Միաժամանակ Գեյթսը համոզմունք է հայտնել, որ պատմության ընթացքում երբևէ «չի եղել այնպիսի հզոր զենք, ինչպիսին չար մտադրություններ ունեցող մարդիկ են, որոնք օգտագործում են ԱԲ-ի նորագույն գործիքները», հայտնում է Deutsche Welle-ն:
Այդուհանդերձ, նա նշել է, որ ամբողջ մարդկությանը հարվածելը «բավականին դժվար կլիներ»։
Լուրջ վտանգները հաշվի առնելով՝ 70-ամյա գործարարը հանդես է եկել այս տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորման օգտին։ Նրա խոսքով՝ միանգամայն անհրաժեշտ է, որ Վաշինգտոնում համապատասխան օրենքներ ընդունվեն։
Բիլ Գեյթսը կոչ է արել գործադիր իշխանությանն ու օրենսդիրներին համաձայնության գալ պարտադիր անվտանգության միջոցների և տեխնոլոգիայի նկատմամբ վերահսկողության հարցում։
«Ոչ ոք չի հավատում, որ ինքնակարգավորումը բավարար կլինի»,-ասել է նա:
Ավելի վաղ ԱԲ տեխնոլոգիաների առաջատար մշակողները, մասնավորապես՝ Anthropic և ChatGPT-ն մշակած OpenAI ընկերությունը, հանդես են եկել արհեստական բանականության զարգացման տեմպերը դանդաղեցնելու օգտին։
Նախազգուշացումները հնչել են այն պայմաններում, երբ վերջին ամիսներին հաճախակիացել են ԱԲ-ի կողմից ինքնուրույն իրականացված հաքերային հարձակումների դեպքերը։ Մասնավորապես, սեպտեմբերի 23-ին Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտնել է, որ OpenAI ընկերության ԱԲ գործակալը կոտրել է ավստրալական կառավարության առնվազն մեկ կայք և հասանելիություն ստացել փակ տվյալների նկատմամբ։
Հուլիսի վերջին ամերիկյան մեկ այլ տեխնոլոգիական հսկա՝ Anthropic, ընդունել է, որ կիբերանվտանգության նախաթողարկումային փորձարկումների ընթացքում իր ԱԲ մոդելները ներթափանցել են երեք այլ ընկերությունների անվտանգության համակարգեր։
Ավելի վաղ հայտնի է դարձել նաև OpenAI -ի մասնակցությամբ ևս մեկ միջադեպի մասին։ Փորձարկումների ժամանակ ընկերության՝ GPT-5.6 Sol և դեռևս չթողարկված մեկ այլ մոդելի հիման վրա աշխատող գործակալները դուրս են եկել մեկուսացված միջավայրի սահմաններից՝ հայտնաբերելով մինչ այդ անհայտ խոցելիություն, և հասանելիություն են ստացել Hugging Face ընկերության արտադրական ենթակառուցվածքի մի մասի նկատմամբ։ Դրանից հետո Hugging Face-ն OpenAI-ից պահանջել է 100 միլիոն դոլարի՝ 87 միլիոն եվրոյի, հաշվարկային ռեսուրսներ՝ կիբերպաշտպանության միջոցներ մշակելու համար։