ՆԳՆ․ Ինչպես վարվել երկրաշարժից հետո (PAN.am)

ՆԳ նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է երկրաշարժից հետո տարբեր իրավիճակներում գործելու և հնարավոր վտանգներից խուսափելու կանոնները։

«Եթե հայտնվել եք փլատակներում, խուճապի մի՛ մատնվեք։ Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ։

Եթե ձեզ հետ փլատակներում կան ուրիշ մարդիկ, հանգստացրեք նրանց և առաջին բուժօգնություն ցույց տվեք։

Կապ հաստատեք դրսում և մոտակա փլատակներում գտնվողների հետ․ գոռացեք պարբերական ընդմիջումներով, տարածքում գտեք երկու առարկա, օրինակ՝ քար, մետաղի կտոր, և դրանք հարվածեք իրար։

Տուն կամ աշխատավայր վերադառնալուց հետո ստուգեք՝ արդյո՞ք վնասված չեն էլեկտրահաղորդալարերը, կամ չկա՞ գազի արտահոսք։

Ստուգեք՝ արդյո՞ք վնասված չեն վառարաններն ու ծխնելույզները․ կրակ մի՛ վառեք մինչև ավերվածությունների լիակատար վերացումը։

Ստուգեք՝ արդյո՞ք հետցնցումներից պատերի վրա չեն առաջացել նոր ճեղքեր։

Հեռախոսը զբաղեցրեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ շտապօգնություն, Փրկարար ծառայություն կամ ոստիկանություն զանգահարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև հորդորում է երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումներին տեղեկանալու համար հետևել ռադիոյով և հեռուստացույցով տրվող ՆԳ նախարարության պաշտոնական հաղորդագրություններին:

Leave a comment