Ուռուցքաբան-արյունաբան Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնի համար:

Health Policy Watch միջազգային առողջապահական անկախ հարթակը հայտնում է, որ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն ընդգրկվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածուների ցանկում, գրում է Sputnik Արմենիան:

Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի կառավարությունը՝ երկրի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյի գլխավորությամբ, ինչը ևս բացառիկ դեպք է։

ԱՀԿ անդամ երկրները, որպես կանոն, այս պաշտոնում թեկնածու են առաջադրում հենց սեփական երկրի ներկայացուցչին։ Բոտսվանան առաջադրել է հայազգի բժշկին՝ հաշվի առնելով նրա գլոբալ ներդրումը սահմանափակ ռեսուրսներով երկրներում առողջապահական համակարգերի հզորացման և քաղցկեղի բուժման հասանելիության ապահովման գործում։

«Որպես մանկական ուռուցքաբան՝ ես իմ մասնագիտական ուղին անցել եմ՝ բուժօգնություն կազմակերպելով այնպիսի վայրերում, որտեղ ռեսուրսները սուղ էին, իսկ համայնքները՝ անբավարար սպասարկվող։ Ես տեսել եմ երեխաների, որոնք ողջ են մնացել, մինչդեռ քչերն էին հավատում դրան, և տեսել եմ երեխաների, որոնք մահացել են պարզապես այն պատճառով, թե որտեղ են ծնվել»,- X-ի իր էջում գրել է բժիշկ Գևորգ Թամամյանը։

Թամամյանը Իմունային ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի (IMMONC) գործադիր տնօրենն է, քաղցկեղի վերաբերյալ աշխարհի խոշորագույն մեդիահարթակներից մեկի՝ OncoDaily-ի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ Նա Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի նախկին ղեկավարն է, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, POEM համագործակցային ցանցի նախագահը (Pediatric Oncology East and Mediterranean Group–ը միավորում է 28 երկրի մանկական ուռուցքաբանների, գիտնականների և առողջապահության ոլորտի մասնագետների և քաղցկեղի 110 կենտրոններ):

Ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2027 թվականի մայիսին՝ ԱՀԿ 80-րդ համաշխարհային վեհաժողովի ընթացքում։

ԱՀԿ նախագահի մյուս թեկնածուներն են Հանս Հենրի Կլյուգեն (Բելգիա), Հանան Համադ Բալխին (Սաուդյան Արաբիա), Հանան Մոհամեդ Ալ Կուվարին (Կատար), Բուդի Գունադի Սադիկինը (Ինդոնեզիա), Մարիա Նեյրան (Իսպանիա)։

Leave a comment