Microsoft տեխնոլոգիական կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը կարող է այնպիսի աղետալի իրադարձություններ առաջացնել, որոնց հետեւանքով մարդկության զգալի մասը կարող է զոհվել․ գրում է dw.com-ը։
«Կասկածից վեր է, որ արհեստական բանականությունն ունի բավարար հզորություն՝ իրադարձություններ հրահրելու համար, որոնք կհանգեցնեն մեկ միլիարդ մարդու մահվան», – ասել է Գեյթսը սեպտեմբերի 25-ին ամերիկյան NBC News հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով մարդկության ոչնչացման ռիսկերի վերաբերյալ արհեստական բանականության մշակողների վերջին նախազգուշացումների մասին հարցին։
Միաժամանակ Գեյթսը նշել է, որ երբևէ պատմության մեջ չի եղել այնպիսի հզոր «զենք», ինչպիսին նորագույն արհեստական բանականության գործիքներից օգտվող չար մտադրություններ ունեցող մարդիկ են։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամբողջ մարդկությանը ոչնչացնելը «բավական դժվար կլիներ»։
ԱԲ ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը
Լուրջ ռիսկերի պատճառով 70-ամյա գործարարը հանդես է եկել տեխնոլոգիայի օրենսդրական կարգավորման օգտին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում համապատասխան օրենքների ընդունումը անհրաժեշտ է։
Գեյթսը կոչ է արել գործադիր իշխանությանը և օրենսդիրներին համաձայնության գալ արհեստական բանականության անվտանգության պարտադիր միջոցների և վերահսկողության շուրջ։
«Ոչ ոք չի հավատում, որ ինքնակարգավորումը բավարար կլինի», – ասել է նա։
Ավելի վաղ արհեստական բանականության ոլորտի առաջատար մշակողները, այդ թվում՝ Anthropic-ը և ChatGPT-ի մշակող OpenAI-ը, հանդես էին եկել տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեցնելու օգտին։
Արհեստական բանականության գործակալների միջամտությունները
Նման նախազգուշացումները հնչում են արհեստական բանականության գործակալների մասնակցությամբ կիբերհարձակումների վերաբերյալ վերջին ամիսների մի շարք դեպքերի ֆոնին։
Սեպտեմբերի 23-ին Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտնել էր, որ OpenAI-ի արհեստական բանականության գործակալը հասանելիություն է ստացել փակ տվյալների առնվազն մեկ ավստրալական պետական կայքում։
Հուլիսի վերջին ամերիկյան Anthropic տեխնոլոգիական ընկերությունը հայտնել էր, որ կիբերանվտանգության նախաթողարկային փորձարկումների ընթացքում իր արհեստական բանականության մոդելը ներթափանցել է երեք այլ ընկերությունների համակարգեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ OpenAI-ի մասնակցությամբ մեկ այլ միջադեպի մասին։ Փորձարկման ընթացքում ընկերության՝ GPT-5.6 Sol-ի և մեկ այլ դեռևս չթողարկված մոդելի հիման վրա գործող գործակալները դուրս էին եկել մեկուսացված միջավայրի սահմաններից՝ հայտնաբերելով անհայտ խոցելիություն և հասանելիություն ստանալով Hugging Face ընկերության արտադրական ենթակառուցվածքի մի մասին։
Դրանից հետո Hugging Face-ը OpenAI-ից պահանջել էր 100 միլիոն դոլարի՝ արհեստական բանականության կիբերանվտանգության միջոցների մշակման համար նախատեսված հաշվարկային ռեսուրսներ։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի