Պարզաբանում․ TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ

Հայաստանի հարավով անցնող հայ-ամերիկյան TRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում: Այդ մասին հայտնել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, տեղեկացնում է «Ազատությունը»:

Օգոստոսին Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցից հետո ղրղզական լրատվամիջոցներից մեկը, որևէ պաշտոնյայի չհղվելով, գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Այդ աղբյուրի համաձայն՝ Երևանն առաջարկել է նախագծում ունեցած իր 26 տոկոս մասնաբաժնից 5-ական տոկոս տրամադրել Ղազախստանին և Ղրղըզստանին՝ ներդրումների դիմաց: Մնացած 74 տոկոս մասնաբաժինը, հայ-ամերիկյան համաձայնագրի համաձայն, պատկանել է ԱՄՆ-ին:

TRIPP նախագիծը նախատեսվում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու նպատակով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք այդպիսի առաջարկ է արե՞լ Տոկաևին: Հարցումը վերահասցեագրվել է արտաքին գերատեսչություն, որտեղից հայտնել են, որ TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ տրամադրելու ձևաչափ գոյություն չունի և չի դիտարկվել:

Լրատվամիջոցը վարչապետին նաև գրավոր հարցրել էր, թե հայկական երկաթուղիների ղեկավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը քննարկե՞լ են: Նախարարությունից ստացված գրության մեջ այս հարցի պատասխանը չի ներառվել: Սակայն Փաշինյանը օրերս տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին Երևանը «դեմ չէ»:

Հայկական կողմը դեռ տարեսկզբից Մոսկվային առաջարկել է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման հետևանքով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը: Ռուսաստանը, մինչդեռ, հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքն ուրիշին փոխանցելու որևէ պատճառ չի տեսել և առայժմ մերժել է Երևանի առաջարկը: Սպասվում է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ, որի ամսաթիվը դեռ հայտնի չէ, քննարկվելու է նաև այս հարցը:

Leave a comment