Ղազախստանի ՊՆ հինգ պաշտոնյա է ձերբակալվել Կասպից ծովում 14 զինծառայողի մահվան դեպքով

Ղազախստանի պաշտպանության նախարարության հինգ պաշտոնյա է ձերբակալվել Կասպից ծովում անցկացված զորավարժությունների ընթացքում զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ. այս մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ավագ և բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում անփութություն դրսևորելու և նավարկության կանոնների խախտման միջոցով հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածների թվում են Ռազմածովային ուժերի շտաբի պետը՝ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, զորամասի երկու հրամանատար, ինչպես նաև ծովային հետևակի վաշտի և պարեկային նավի հրամանատարները։ Նրանք տեղափոխվել են Ակտաուի ժամանակավոր պահման վայր։

Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Մանգիստաուի մարզում Ղազախստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում։ Ըստ ՆԳՆ տվյալների՝ անբարենպաստ եղանակային պայմաններում «Կայսար» նավից իջնելիս զինծառայողները հայտնվել են Կասպից ծովի ջրերում։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ջուրն է քշել 17 հոգու. երեքին հաջողվել է փրկել, իսկ 14-ը զոհվել են։

Leave a comment