ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը դատարանում ինքնավնասում է կատարել

Քաղաքականություն

25.09.2026 | 18:39

Բանտարկված ադրբեջանցի խաղաղության ակտիվիստ և հետազոտող Բահրուզ Սամեդովն այսօր Ադրբեջանի Գերագույն դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում սուր առարկայով կտրել է ձեռքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սեպտեմբերի 25-ին Գերագույն դատարանը քննել է Բահրուզ Սամեդովի վճռաբեկ բողոքը՝ դատավոր Իլկին Աբդուլլաևի նախագահությամբ: Դատավարության ընթացքում փաստաբան Զիբեյդա Սադիգովան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պետական ​​դավաճանության հոդվածը չեղյալ համարելու համար: Դատարանը բողոքը չի բավարարել։

Դրանից հետո Սամեդովը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Դատարանը դրանք նույնպես չի բավարարել։ Ի նշան բողոքի՝ Սամեդովը հենց դատարանի դահլիճում ինքնավնասում է կատարել։ Նա մի քանի տեղից կտրել է աջ ձեռքը։ Դատարան շտապօգնության մեքենա է կանչվել։

«Երբ բառերը սպառվում են, ստիպված ես արյան միջոցով խոսել»,- հայտարարել է Սամեդովը։

Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայում չեն հաղորդվում։

Չեխիայի Կառլի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին։

Սամեդովը 2025 թվականի հունիսի 23-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հետաքննության վարկածի համաձայն՝ նա, իբր, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։ Սամեդովը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա ընդգծել է, որ դեմ է պետությունների միջև պատերազմին և դրա հետևանքով մարդկանց զոհվելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment