Սիրանուշ Սահակյանը հակադարձել է Ադրբեջանի ՄԻՊ-ին․ Բաքվի հայտարարություններն ապացույցներ չունեն

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի աշխատակազմի հայտարարությունը, որով «անհիմն» էին որակվել Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերը։ Ըստ Սահակյանի՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի պատասխանը խոսուն է ոչ թե նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե ինչից է խուսափում։  

Սիրանուշ Սահակյանը փաստում է, որ ադրբեջանական կողմը պարզապես շրջանցել է մի շարք առանցքային բողոքներ։ Դրանք վերաբերում են տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի կանոնավոր այցերին, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին։ Չնայած Բաքվի պնդումներին, թե ընտանիքի հետ կապն ապահովվում է, կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել, իսկ Վերոնիկա Զոնաբենդի դիմումները մնացել են անպատասխան։  

Փոխարենը, Ադրբեջանի ՄԻՊ-ն անդրադարձել է հարցերի, որոնք ոչ ոք չէր բարձրացրել։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը, իսկ գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։  

Սահակյանը նաև ընդգծում է, որ ներկայացված պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով։ Վարդանյանին 916 թեժ գծին զանգահարելու հնարավորություն է տրվել ընդամենը մեկ անգամ՝ հունիսի 19-ին, և որևէ հաստատող փաստաթուղթ կամ գրավոր դիմումների պատասխան չի ներկայացվել։ Նույն անմխիթար վիճակն է նաև փաստաբանի հասանելիության հարցում. տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չեն տվել հանդիպել Վարդանյանի հետ, ինչի պատճառով հայց է ներկայացվել դատարան։  

«Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտարկյալի վերաբերյալ փաստաթղթերը՝ հարազատների հետ տեսակցությունների, հյուպատոսական հասանելիության վերաբերյալ, հեռախոսազանգերի գրանցամատյանները, նրանց դիմումներին տրված գրավոր պատասխանները, նոտարական ծառայությունների և անկախ պաշտպանի հասանելիության գրանցումները։ Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ»,- եզրափակել է Սիրանուշ Սահակյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment