«Կամո Վարդանյանն ու Էդվարդ Ասրյանը պետք է պատասխան տան․ Ալեն Ղուլյանը՝ Արցախի վառելիքի պահեստի ողբերգության մասին

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած ողբերգության շուրջ մինչ օրս տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած անզգուշությունից մինչև կազմակերպված դիվերսիա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։

Նա նշում է, որ ամիսներ տևած շրջափակման, խուճապի և զանգվածային տեղահանման պայմաններում հազարավոր հյուծված մարդիկ միաժամանակ փորձում էին վառելիք վերցնել Հայկազովի պահեստարաններից։ Նման իրավիճակում աղետի կարող էր հանգեցնել ցանկացած վրիպում՝ մետաղական գործիքներից առաջացած կայծը կամ վառված ծխախոտը, քանի որ օդը հագեցած էր բենզինի գոլորշիներով։

Միևնույն ժամանակ, Ղուլյանի գնահատմամբ, ծրագրված դիվերսիայի վարկածը նույնպես չի կարելի բացառել, թեև այժմ դա ապացուցելը կամ հերքելն անհնար է, քանի որ դեպքի վայրն ու բոլոր ապացույցները մնացել են այնտեղ և, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել ադրբեջանական կողմից։ Եթե պայթյունը դիվերսիայի հետևանք էր, ապա նպատակը կարող էր լինել առավելագույն հոգեբանական ճնշում գործադրելը, խուճապը խորացնելն ու մարդկանց տեղահանությունը քաոսային դարձնելը։

Ալեն Ղուլյանն ընդգծում է, որ բացի իրեղեն ապացույցներից, կան նաև կազմակերպչական ու պաշտոնեական որոշումներ, որոնց անհրաժեշտ է տալ իրավական գնահատական․

«Բացի իրեղեն ապացույցներից և ողբերգության վայրից, մնում են կազմակերպչական և պաշտոնեական որոշումները, որոնք հանգեցրին ողբերգական հետևանքների, հարյուրավոր մարդկանց զոհվելուն ու վիրավորվելուն, որոնց անցած երեք տարիների ընթացքում Հայաստանում նույնպես կարելի էր իրավական գնահատական տալ… Ինչպե՞ս պատահեց, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը հանեց այդ ռազմական օբյեկտի պահպանությունը, և բնակչությունը մուտք գործեց զորամաս։ Դա նրա ինքնուրո՞ւյն որոշումն էր, թե՞ համապատասխան հրամանը ստացվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից, որի պետն այդ ժամանակ չլսված Էդիկ Ասրյանն էր։ Ինչո՞ւ հարյուրավոր տոննաներով վառելիք պարունակող օբյեկտը մնաց առանց հսկողության։ Եվ ինչո՞ւ մարտական գործողությունների դադարեցումից հետո հաջորդող մի քանի օրերի ընթացքում այդ վառելիքը կազմակերպված չբաշխվեց լիցքավորման կայաններին և չօգտագործվեց մարդկանց վառելիքով ապահովելու համար, որոնց առջև տեղահանությունն էր, և որոնք փորձում էին դուրս բերել իրենց ընտանիքները։

Կամո Վարդանյանը պետք է պատիժ կրի այս ողբերգության համար։ Իսկ եթե պահպանությունը հանելու հրամանը հապճեպորեն արձակվել է Գլխավոր շտաբից, ապա պատասխանատվություն պետք է կրեն նաև այն տված պաշտոնատար անձինք՝ Էդիկ Ասրյանի գլխավորությամբ։ Եթե այսօր նրանք կարող են հույս ունենալ, որ այս հարցը կմնա անպատասխան, դա ամենևին չի նշանակում, թե միշտ այդպես է լինելու։ Իշխանափոխությունից հետո այս գործը պետք է քննվի նորից՝ բոլոր հանգամանքներով և որոշումներով, որոնք հանգեցրին հարյուրավոր մարդկանց զոհվելուն ու վիրավորվելուն»,- գրում է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment