ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում է տրանսպորտային ծառայություններից օգտվելիս նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին։
Նշվում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։
Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝ մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում, սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։
Տեսչական մարմինը հորդորել է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
«Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։
Տեսչական մարմինը՝ ոստիկանության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում՝ լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։ «Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,-նշված է հաղորդագրությունում։