Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում անդրադարձել է ՀՀ գենդերային քաղաքականության ռազմավարությանը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի «Ազգային առաջնորդությունը գործնականում. ներառական պետական կառույցների ամրապնդումը միջազգային խաղաղաշինական աջակցության միջոցով» խորագրով նախարարական հանդիպմանը ներկայացրել է կանանց և երիտասարդների մասնակցության, փախստականների ինտեգրման ու տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ազգային առաջնորդության և ներառականության կարևորությունը խաղաղաշինության գործընթացների համար՝ նշելով, որ արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման առաջնային պատասխանատվությունը կրում են կառավարությունները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի գենդերային քաղաքականության ռազմավարությանը և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ազգային գործողությունների ծրագրին, որոնք նախատեսում են խթանել կանանց առաջնորդությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սահմանամերձ և փախստականներին ընդունող համայնքներում։

Ներկայացվել է նաև ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և զարգացման այլ գործընկերների հետ իրականացվող «Փախստականների և ընդունող համայնքների ներառական կենսապահովման ազգային շրջանակը»՝ ուղղված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը, բնակարանային ապահովմանը, զբաղվածությանը և սոցիալական ծառայությունների հասանելիությանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալը նշել է, որ 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը նոր էջ է բացել Հարավային Կովկասում խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության համար։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը՝ հասարակությունների միջև երկխոսության խթանման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի և առևտրի զարգացման ու առկա մարդասիրական խնդիրների կարգավորման միջոցով։

Leave a comment