Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը խմբագրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակն Ադրբեջանի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին, ինչը առաջացրել է քննարկումներ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային լրատվական դաշտում։
Միջադեպը տեղի է ունեցել Բաքվում՝ ԱՄՆ և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։ Վենսը, խոսքն ավարտելով, կատակել է՝ նշելով. «Երկրորդ տիկինը [Ուշա Վենսը] և ես շատ ուրախ ենք ընթրիքի համար։ Եվ, ինչպես ես հասկանում եմ, Ադրբեջանի փոխնախագահը նաև նախագահի կինն է։ Հուսով եմ՝ դա երկրորդ տիկնոջը որևէ գաղափար չի տալիս»։
Սպիտակ տան պաշտոնական հեռարձակման համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծիծաղել և «այո» է պատասխանել Վենսին։ Սակայն AzTV-ն սկզբում կատակը ներկայացրել է այլ կերպ՝ թարգմանելով այն որպես «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների՝ կողակիցների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։
Անկախ լրատվամիջոցների՝ Meydan TV-ի, Hamam Times-ի և Qazetchi-ի կողմից կատակի իրական ձևակերպումները տարածվելուց հետո AzTV-ն ստիպված է եղել ավելացնել Վենսի խոսքերի ճիշտ թարգմանությունը։
Մեհրիբան Ալիևան փոխնախագահի պաշտոնում նշանակվել է 2017 թվականին՝ ամուսնու՝ Իլհամ Ալիևի հրամանագրով։ Այս նշանակումը ժամանակին նույնպես քննադատության էր արժանացել՝ որպես իշխանության կենտրոնացման օրինակ։