ՀՀ-ում հարցվածների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ պետք է ԵԱՏՄ-ի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Այդ մասին ասել է «Gallup International»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։
Հարցման համաձայն՝ մասնակիցների 38․5%-ը պատասխանել է, որ հանրաքվեն միանշանակ պետք է անցկացվի, իսկ 20․3%-ը ընտրել է «ավելի շուտ այո» տարբերակը։ Հարցվածների 9․3%-ը կարծիք է հայտնել, որ ավելի շուտ պետք չէ հանրաքվե անցկացնել, 25․1%-ը միանշանակ դեմ է արտահայտվել դրա անցկացմանը, իսկ 6․9%-ը դժվարացել է պատասխանել, հայտնում է Sputnik Արմենիան:
Հարցման մասնակիցներին հետաքրքրել է նաև, թե ինչպես կքվեարկեին հանրաքվեի անցկացման դեպքում։ 29․4%-ը պատասխանել է, որ Հայաստանը միանշանակ պետք է մնա ԵԱՏՄ կազմում, 35․1%-ը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ-ից դուրս գալուն և ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելուն։ Հարցվածների 24․7%-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 10․9%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցերից մեկն առնչվել է նաև հայկական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման սահմանափակումներին։ Մասնակիցների 52․4%-ը կարծիք է հայտնել, որ դրանք կիրառվում են Հայաստանի ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով։ 40․5%-ը պատճառ է համարել Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը, իսկ ընդամենը 5․6%-ն է կարծում, որ սահմանափակումները կապված են հայկական ապրանքների որակի հետ։
«Գելափը» հարցման ժամանակ անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու թեմային, որն ակտիվ քննարկման առարկա է դարձել վերջին շաբաթներին։ Հարցվածների 39․7%-ը կարծիք է հայտնել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Եվս 24․7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է շարունակի մնալ Հայաստանում, սակայն դրա տեղակայման հարցը վերանայման կարիք ունի։
«Այսինքն՝ մոտ 65 տոկոսը կարծում է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում»,- նշել է Նավասարդյանը։
Միաժամանակ, հարցվածների 28․9%-ը կարծիք է հայտնել, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, իսկ 6․8%-ը դժվարացել է պատասխանել։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում մեկնելու է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շարունակելու է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող քննարկումները։ Կառավարության 2026-31 թվականների գործունեության ծրագրում Ռուսաստանն առաջին անգամ չի հիշատակվել որպես ռազմավարական դաշնակից կամ գործընկեր։
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև հանրապետությունում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որը պետք է հստակեցնի ԵԱՏՄ կազմում մնալու կամ ԵՄ անդամ դառնալու հարցը։ Պաշտոնական Երևանը, սակայն, չի շտապել հանրաքվե անցկացնել՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն անցկացվելու է այն ժամանակ, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջանա։