Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքն» ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ «որպես տարածաշրջանային կենտրոնի»

Քաղաքականություն

25.09.2026 | 14:31

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս անգամ առիթը Բաքվում անցկացվող «Ադրբեջանի II միջազգային ներդրումային ֆորում»-ն է։ Հավաքի մասնակիցներին ուղղված ուղերձում նա հայտարարել է, որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը վերածվել է Ասիայի ու Եվրոպայի միջև կարևոր կապող օղակի և հանգույցի։

«Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի միջոցով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի ու Եվրոպայի հետ։ Ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես TRIPP կապի երթուղի, կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային կենտրոնի և կստեղծի նոր հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ Հարավային Կովկասում հաստատվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային առևտրի և ներդրումների համար։

«Համաշխարհային տնտեսական հարաբերություններն արագորեն փոխվում են, մատակարարման շղթաները վերակառուցվում են, ձևավորվում են նոր տրանսպորտային, էներգետիկ և տեխնոլոգիական կապեր։ Նման պայմաններում կայունությունը, փոխկապակցվածությունն ու վստահելի գործընկերային հարաբերությունները ներդրումների համար ավելի ու ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում։Հարավային Կովկասում հաստատվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության, փոխկապակցվածության, առևտրի և ներդրումների համար՝ միաժամանակ նպաստելով ավելի խոր տնտեսական ինտեգրմանն ու դիվերսիֆիկացմանը»,- ասվում է Ալիևի ուղերձում։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment