Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, անդրադառնալով TRIPP նախագծով նախատեսված հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է վերականգնել Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները:
«TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։
TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետև Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։
Առաջիկայում մենք կվերականգնենք ՀՀ Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավերված երկաթուղային հատվածները, և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։
Բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։
TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև»,-ասել է նա:
Ըստ վարչապետի՝ այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը, վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև:
«Սա կարևոր նրբություն է, որովհետև ցույց է տալիս, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մոտ 35 ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արևելքից արևմուտք երկաթուղուց բացի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, և սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ»,-ասել է Փաշինյանը:
2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Ավելի ուշ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։