Վարչապետը հույս է հայտնել, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։ Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին»,- նշված է կառավարության ղեկավարի ցավակցական հեռագրում։
Վարչապետը նշել է, որ այս ծանր պահին կիսում ենք Ղազախստանի վիշտը, մաղթել ուժ ու տոկունություն։
Փաշինյանը մաղթել է շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողին, հույս հայտնել, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն։
Հիշեցնենք, որ Ղազախստանում ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի առափնյա շրջանում եղանակային պայմանների վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով 17 զինծառայողներ հայտնվել են բաց ծովում։ Վերջին տեղեկություններով՝ 3-ին հաջողվել է փրկվել, իսկ 14 զինծառայողներ զոհվել են։