Տեղապտույտ է. փորձագետը` Փաշինյան–Էրդողան հանդիպման և 2 երկրի հարաբերությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260924/teghaptujt-e-pvordzagety-pashinjanerdvoghan-handipman-ev-2-erkri-haraberutjunneri-masin-107273799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107220512_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ff0218b727b6336a2a1ffccb69e62347.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թուրքիա, բենիամին պողոսյան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան

հայաստան, թուրքիա, բենիամին պողոսյան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան

Բաժանորդագրվել

Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ պետք է հնչեն գոնե փակ հանդիպումների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ որդեգրել է ադրբեջանամետ քաղաքականություն` շարունակելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Ադրբեջանից «կանաչ լույս» ստանալու հետ, այս ֆոնին հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են մնալ փակ շրջանի և տեղապտույտի վիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, «APRI Հայաստան» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հայտարարել են գործարար շրջանակների միջև կապերը զարգացնելու, առևտրատնտեսական նախագծերը խթանելու և երկու երկրների սահմանին գտնվող պատմական Անիի կամրջի վերակառուցման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին: Նրանք նաև ընդգծել են հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կարևորությունը և նշել բիզնեսի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Փորձագետի խոսքով` 2 երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ Թուրքիայի քաղաքականության մեջ չկա որևէ էական փոփոխություն չկա։

Անդրադարձ չի եղել անգամ 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությանը` երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հնարավորինս սեղմ ժամկետներում հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։ Նա հիշեցրեց, որ սահմանի բացման ժամկետները բազմիցս հետաձգվել են, վերջին անգամ` 2026 թվականի փետրվարի 1–ին (ամեն անգամ Անկարան հրաժարվում էր ավելի վաղ հնչեցրած պայմանավորվածություններից` այդ գործընթացը կապելով հայ-ադրբեջանական ուղու իրավիճակի հետ)։

Հայաստանի կառավարությունն էլ մշտապես շարունակում է կարգավորման գործընթացը։ Այդ թվում` հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի ձևաչափով հանդիպումների ժամանակ պարբերաբար հայտարարություններ են հնչում բանակցություններում դրական առաջընթացի և կառուցողական մթնոլորտի մասին։

«Եվ դրանից հետո Թուրքիան փաստացի հրաժարվում է կատարել այն ամենափոքր, խորհրդանշական պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 4.5 տարի առաջ։ Ասում է` Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե կանաչ լույս ստանա Ադրբեջանից»,– նշեց Պողոսյանը։

Անկարան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Բաքվի պահանջների կատարման հետ, որոնք անընդհատ աճում են, ու դրանց վերջը չի երևում։ Արդյունքում հայ-թուրքական հարաբերություններն ավելի քան 4 տարի գտնվում են տեղում դոփող վիճակում, ստացվում է փակ շրջան. Թուրքիան ինչ-որ խոստումներ է տալիս, հետո վերջին պահին հրաժարվում է դրանք կատարել։ Երևանում փորձում են չնկատել դա և խոսում են դրական առաջընթացի և կառուցողական մթնոլորտի մասին։ Պողոսյանն այսօր էլ իրական հույսեր չի տեսնում, որ կարելի է դուրս գալ այդ «տեղում պտտվելու» վիճակից։

Երևանի դիրքորոշումը

Ինչ վերաբերում է Երևանի հռետորաբանությանն ու անհամաչափ հայտարարություններին, փորձագետն առանձնացրեց երկու հիմնական պատճառ. առաջինը` ցույց տալ Արևմուտքին, որ Հայաստանը կառուցողական է` չնայած որ իրեն փաստացի անընդհատ խաբում են և դրժում խոստումները։ Պողոսյանի կարծիքով` նման մոտեցումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ:

«Հայաստանը շարունակում է դրական տոնով խոսել Թուրքիայի մասին, ասում է` ամեն ինչ լավ է, կա դրական մթնոլորտ և այլն, գուցե մտածում են` դրանով Հայաստանի արժեքը Միացյալ Նահանգների կամ Եվրամիության կամ եվրոպական պետությունների աչքում կավելանա»,– ասաց փորձագետը։

Երկրորդ հնարավոր հաշվարկը, ըստ նրա, կապված է իրավիճակն էլ ավելի չսրելու ցանկության հետ։ Մասնավորապես խոսքը կարող է վերաբերել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ կոշտ հայտարարություններից խուսափելու ձգտմանը։

«Երկուսուկես տարի է` կա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ, ինչպես ասում են, սահմաններում երկուսուկես տարի է` Ադրբեջանը չի կրակում, և գուցե այդ երկյուղն էլ կա, որ ցանկացած կոշտ հայտարարությունից հետո Ալիևը կարող է հրաման տալ և ասել՝ այս կամ այն դիրքերում սկսեք կրակել և այլն»,– ասաց Պողոսյանը։

Փորձագետի խոսքով` այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից հանելը: Պողոսյանը նշեց` ՀՀ կառավարությունն ունի հստակ դիրքորոշում՝ ամեն ինչ անել, որպեսզի կարգավորի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները` նույնիսկ անկախ այն հանգամանքից՝ Թուրքիան և Ադրբեջանը համապատասխան ձևով արձագանքում են, թե ոչ։

«Այդ «ամեն ինչի» մեջ մտնում է նաև, ըստ երևույթին, Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգից հանելը։ Ակնհայտ է, որ դա Թուրքիայի համար որոշակի գրգռող բան է, և երևի մտածեցին՝ հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի Թուրքիան չզայրանա, նայենք, կատարենք ինվենտարիզացիա՝ ի՞նչ է անում Հայաստանը կամ ՀՀ կառավարությունը, որը կարող է զայրացնել Թուրքիային, և փորձենք այդ ամեն ինչից հրաժարվել, գուցե հարաբերությունները կարգավորվեն։ Ես այդպիսի տրամաբանություն եմ տեսնում»,– նշեց Պողոսյանը։

Ի՞նչ պետք է անի Երևանը

Պողոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փոխի հանրային հռետորաբանությունը և ավելի բաց խոսի հայ–թուրքական հարաբերություններում շոշափելի առաջընթացի բացակայության մասին։

«Երևի թե ժամանակն է մի փոքր ավելի բարձր խոսել, բայց ոչ թե, որ ամեն ինչ լավ է հայ-թուրքական հարաբերություններում կամ բանակցություններում, կամ կա հսկայական առաջխաղացում, այլ որ իրականում շոշափելի, իրատեսական առաջխաղացում չկա»,– նշեց Պողոսյանը։

Նա ընդգծեց` կարող են առարկել և որպես առաջընթացի նշաններ բերել մի շարք գործնական քայլի օրինակներ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի հնարավորություններ մ, Հայաստանին մաքսային կոդի տրամադրում, Կարս-Ախալքալաք երկաթգծից օգտվելու հնարավորություն, թուրք գործարարների այցեր Հայաստան և հայ գործարարների այցեր Թուրքիա, ինչպես նաև երկու երկրների միջև ավիահաղորդակցության ընդլայնում։

Փորձագետի կարծիքով` այդ քայլերը չպետք է դիտարկել որպես առաջընթաց հարաբերությունների կարգավորման գործում, այլ ընդամենը փոքր դետալներ, որոնք Թուրքիան անում է տպավորություն ստեղծելու համար, որ իբր առաջընթաց կա:

«ՀՀ կառավարությունը գոնե իր արևմտյան գործընկերների հետ շփումներում, որոնք առաջինն են շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, պետք է ավելի հստակ ասի` հարգելիներս, այս տեղապտույտը չի կարող անվերջ շարունակվել, և մենք չենք կարող անընդհատ տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ առաջ է գնում, երբ իրականում հստակ, կայուն, շոշափելի, զգալի առաջընթաց և ճեղքում չկա»,– ասաց նա:

Փորձագետը նշեց` եթե Հայաստանի կառավարությունը չի ուզում այդ մասին հրապարակային ասել, ապա պետք է գոնե փակ հանդիպումների ժամանակ խոսի, հակառակ դեպքում կարող ենք հասնել 2036 թվական և նորից քննարկել Անիի պատմական կամրջի վերականգնումը։

Leave a comment