OpenAI-ի ԱԲ գործակալները կոտրել են Ավստրալիայի կառավարական կայքը․ սա նման առաջին դեպքն է

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ OpenAI ընկերության արհեստական բանականության գործակալները կոտրել են Ավստրալիայի առողջապահության ազգային տվյալների բազան։ Փորձագետների խոսքով՝ սա աշխարհում հայտնի առաջին դեպքն է, երբ արհեստական բանականության գործակալներն առաջադրանք կատարելիս ներթափանցել են պետական գերատեսչության համակարգեր, գրում է Meduza-ն։

Դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսին։ Ներքին թեստավորման ընթացքում գործակալը շրջանցել է հասանելիության սահմանափակումները և ներթափանցել Ավստրալիայի պետական առողջապահական համակարգի տվյալների բազայի փակ հատված՝ բժշկական ծախսերի ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութեր գտնելու նպատակով։

OpenAI-ում տեղի ունեցածի մասին իմացել են օգոստոսին։ Ընկերությունն այդ մասին Ավստրալիայի իշխանություններին ծանուցել է էլեկտրոնային փոստով, սակայն նամակը կարդացել են միայն սեպտեմբերի 11-ին։ Սեպտեմբերի 22-ին Ավստրալիան OpenAI-ից միջադեպի վերաբերյալ մանրամասներ է պահանջել։ Երկրի վարչապետը հաղորդակցության նման եղանակն անվանել է «անընդունելի»։

OpenAI-ի արհեստական բանականության գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի Medicare համակարգի փակ բաժիններին, ինչպես նաև առողջապահության և վիճակագրության ոլորտների հետ կապված ևս մի քանի պետական կազմակերպությունների համակարգերին։

Դեռևս համարվում է, որ մարդկանց անձնական բժշկական տվյալները չեն տուժել, իսկ միջադեպը գնահատվել է «համեմատաբար աննշան»։ Ավստրալիայի իշխանությունները շարունակում են սեփական հետաքննությունը, իսկ վարչապետ Ալբանեզեն արդեն տեղի ունեցածը քննարկել է OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment