Թուրքիան Իրաքին կփոխանցի այդ երկրում գտնվող իր կարևոր ռազմաբազան

Թուրքիան Իրաքի հյուսիսում գտնվող իր «Բաշիքա» ռազմաբազայի վերահսկողությունը կփոխանցի Բաղդադին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականը՝ հարևան երկրի հետ համատեղ հայտարարության մեջ։

«Իրաքի կողմից իրականացվող անվտանգության միջոցառումների շրջանակում արձանագրված առաջընթացի պայմաններում թուրքական ուժերը, համաձայնեցված մեխանիզմին և ժամանակացույցին համապատասխան, աստիճանաբար Բաշիքա-Զիլքան ռազմաբազայի վերահսկողությունը կհանձնեն Իրաքի դաշնային կառավարությանը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը հաջորդում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի հանդիպմանը։

Բազայի փոխանցման ժամանակացույցը չի հստակեցվել։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի ու Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը ողջունել է համաձայնագիրը։

«Պատմությունը հազվադեպ է հայտարարում իր շրջադարձային պահերի մասին. այն դրանք լուռ է հյուսում։ Զիլքանը համաձայնեցված մեխանիզմով և ժամանակացույցով Բաղդադին վերադարձնելու՝ Անկարայի քայլը հենց այդպիսի թելերից մեկն է. դրանով ծառայություն է մատուցվում թե՛ Իրաքի ինքնիշխանությանը, թե՛ Թուրքիայի անվտանգությանը»,- գրել է նա X-ում։

Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի համաձայնությամբ՝ Թուրքիան 2015 թվականի դեկտեմբերին Բաշիքայում ռազմակայան էր հիմնել։ Ըստ թուրքական մամուլի՝ Անկարան այնտեղ տեղակայել է մինչև 600 զինծառայողի։ Սա լարվածություն էր առաջացրել Բաղդադի հետ, որն Անկարային մեղադրել էր իր ինքնիշխանությունը խախտելու մեջ։

Չորեքշաբթի Անկարան և Բաղդադը նաև պայմանավորվել են «լիովին վերականգնել պետական ​​իշխանությունը Սինջարում և վերացնել օտարերկրյա անօրինական զինված խմբավորումների ներկայությունը»։

Նախկինում Թուրքիան Սինջարի շրջանում ռազմական գործողություններ է իրականացրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։

Անկարայի հետ իրականացվող խաղաղ գործընթացի շրջանակում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) 2025 թվականի մայիսին հայտարարել էր ինքնալուծարման մասին, իսկ 2025 թվականի հուլիսին Իրաքի հյուսիսում անցկացրել է զենքերը վայր դնելու խորհրդանշական արարողություն։ Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ այդ տարածքում ներկայում մնացել են միայն որոշ զինյալներ։

Սեպտեմբերի սկզբին Բաղդադը հայտարարել էր, որ Սինջարը կանցնի դաշնային կառավարության և դրա անվտանգության ու վարչական կառույցների լիակատար վերահսկողության ներքո՝ եզդիական զինված խմբավորումների հետ ձեռք բերված համաձայնությունից հետո, որի համաձայն՝ նրանք պետք է զենքերը հանձնեն պետությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment