ԱՄՆ-ը նպատակ ունի աշխարհում խթանել դոլարային ստեյբլքոյնների տարածումը

Նախաձեռնությանը կարող են ներգրավվել ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը։ Ամերիկյան կառավարությունը դիտարկում է դոլարային ստեյբլքոյնների մասնավոր թողարկողների հետ համագործակցության հնարավորությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է արտերկրում դոլարային ստեյբլքոյնների տարածումը խթանելու ուղիները՝ դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային ակտիվի կարգավիճակն ամրապնդելու նպատակով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին։

ԱՄՆ կառավարությունը կարող է համատեղ ձեռնարկություններ ստեղծել ստեյբլքոյնների մասնավոր թողարկողների հետ՝ ի թիվս այլ նպատակների, մեծացնելու ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը։

Աղբյուրներից մի քանիսի խոսքով՝ նախաձեռնությունը կարող է ընդգրկել մի շարք դաշնային գերատեսչություններ, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը։ Դրանում կարող է ներգրավվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)։

2025 թվականին Թրամփի ստորագրած GENIUS օրենքը (Guiding and Establishing National Innovation for U.S. Stablecoins Act) սահմանել է կանոններ, որոնք դոլարային ստեյբլքոյնների թողարկողներից պահանջում են պահուստներում ունենալ դոլար և ԱՄՆ կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր։ Որքան մեծանում է ստեյբլքոյնների թողարկման ծավալը, այնքան ավելի շատ նման ակտիվներ են ձեռք բերվում թողարկողների պահուստների համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը բազմիցս հայտարարել է, որ ստեյբլքոյնների տարածումը կարող է ամրապնդել դոլարի դերը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պետական պարտատոմսերով ապահովված ստեյբլքոյնները մասնավոր հատվածի կողմից դրանց նկատմամբ նոր, կայուն պահանջարկ կձևավորեն։ Դա կօգնի զսպել պետական պարտքի աճը, նվազեցնել դրա սպասարկման ծախսերը և ընդլայնել թվային դոլարային ենթակառուցվածքի հասանելիությունն ամբողջ աշխարհում։

Օգոստոսին ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է ռեկորդային 40 տրլն դոլարը։ Միայն վերջին 10 տարվա ընթացքում ամերիկացիների ընդհանուր պարտքային բեռը կրկնապատկվել է։

Leave a comment