Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Մեղրի համայնքի ավագանու որոշ անդամների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Շահեն Մինասյանին, Մարյամ Միքաելյանին, Անահիտ Աղամալյանին, «Հանրապետություն» խմբակցության անդամ Բագրատ Զաքարյանին ու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արմեն Հայրապետյանին։ Վերջինս գլխավորում է հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրի ավագանու ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը։
Ըստ Մեղրիում շրջանառվող լուրերի՝ ավագանու անդամներն անցնում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գործով։ Վերջինս կալանավորվել է սեպտեմբերի 10-ին՝ «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերի» մեղադրանքով։ Մեր աղբյուրի համաձայն, ավագանու վերոնշյալ անդամները, ըստ երևույթին, կողմ են քվեարկել հանքին առնչվող հարցերից մեկին։