600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար (PAN.am)

Կառավարության որոշմամբ 600 միլիոն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար:

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Գումարը կծախսվի միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու, անհրաժեշտ ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցման/վերանորոգման աշխատանքների նպատակով։

Աշխատանքների գնման պահանջը համարվել է հրատապ, և նախատեսվել է կիրառել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգը։ Հիմնավորման մեջ որպես նախատեսվող կապալառու նշվել է «Ջի Թի Էս Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, հայտնում է Factor.am-ը:

Կառավարության ներկայացրած տվյալներով՝ ընկերությունը ներկայում իրականացնում է Արթուր Աբրահամի անվան մարզական համալիրի շինարարությունը։

Միաժամանակ, 600 միլիոն դրամով նախատեսված աշխատանքներում չեն ներառվելու վազքուղու ռետինե ծածկի և դրա տեղադրման համար անհրաժեշտ ստորին շերտերի, այդ թվում՝ ասֆալտե կամ բետոնե ծածկի աշխատանքները։ Դրանք իրականացվելու են այլ կազմակերպության կողմից՝ առանձին գնման ընթացակարգի արդյունքում։

Կառավարությունը դա հիմնավորել է այն հանգամանքով, որ վազքուղու վերջնական ծածկի ընտրությունը տեխնոլոգիական առումով կապված է համապատասխան արտադրողի, մատակարարի և մասնագիտացված կազմակերպության ընտրության հետ։ Ըստ հիմնավորման՝ այդ աշխատանքների համար կարող է անհրաժեշտ լինել նաև արտասահմանյան արտադրողների, մատակարարների և մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումը։

Կառավարության հիմնավորումից նաև հետևում է, որ պետական բյուջեից միջոցներ են ներդրվելու մասնավոր սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքի բարելավման համար։ Դրա դիմաց նախատեսվել է առաջիկա մոտ 20 տարիների ընթացքում «Հրազդան» մարզադաշտն օգտագործել պետական ծրագրերի իրականացման նպատակով։

Ֆրանկոֆոնիայի խաղերն անցնելու են 2027թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

Leave a comment