Իրան–ԱՄՆ հակամարտության գոտին կարող է հասնել մինչև Հնդկական օվկիանոս. Խամենեիի խորհրդական

Բաժանորդագրվել

Հակամարտության նոր փուլի դեպքում Թեհրանը կարող է ընդլայնել պատասխան գործողությունների աշխարհագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան հարձակումների վերսկսման դեպքում Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ռազմական գործողությունների գոտին կարող է տարածվել մինչև Հնդկական օվկիանոս: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ռահիմ Սաֆավին։

Նրա խոսքով՝ ռազմական գործողություններն արդեն դուրս են եկել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանակներից՝ ազդելով Կարմիր ծովի վրա: Հակամարտության նոր փուլի դեպքում, Սաֆավիի խոսքով, Թեհրանը կարող է ընդարձակել պատասխան գործողությունների աշխարհագրությունը՝ ընդհուպ մինչև Հնդկական օվկիանոս և այլ շրջաններ:

Նրա խոսքով՝ Թեհրանը տեղյակ չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետագա քայլերի մասին: Ընդ որում, Սաֆավին նշել է, որ իրանական զինված ուժերը դիտարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ և իրադարձությունների առավել անբարենպաստ զարգացման դեպքում ունեն նախապատրաստված պլաններ:

Նշենք, որ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի համաշխարհային մատակարարումների համար: Կարմիր ծովը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, իրենց հերթին, Ասիայի և Եվրոպայի միջև Սուեզի ջրանցքով անցնող հիմնական նավագնացության ուղիների մաս են կազմում:

Հնդկական օվկիանոսով անցնում են Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի կարևորագույն առևտրային երթուղիները: Դեպի Հնդկական օվկիանոս ռազմական գործողությունների տարածումը կարող է ազդել միջազգային բեռնափոխադրումների և էներգառեսուրսների մատակարարման վրա։

Leave a comment