Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Կառավարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում նոր կրթահամալիրի կառուցման և հետագա պահպանման ծրագիրը, որը կիրականացվի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։
Ինչպես նշվում է Կառավարության հաղորդագրության մեջ, ծրագիրը միտված է հասանելի, արդիական և մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։ Ակնկալվում է, որ դրա իրականացումը կարող է նաև խթանել մասնավոր հատվածի հետ կրթության ոլորտում նոր ծրագրերի, այդ թվում՝ նոր կրթական կառույցների ստեղծման և շահագործման նախաձեռնությունները։
Նախնական առաջարկով Վարդենիսում նախատեսվում էր կառուցել կրթահամալիր, որը կներառեր 300 տեղ հզորությամբ դպրոց, 150 տեղ հզորությամբ նախադպրոցական հաստատություն և երեխաների համար նախատեսված 60 տեղ հզորությամբ համայնքահեն ցերեկային կենտրոն։
Սակայն, հաշվի առնելով համայնքում դպրոցահասակ երեխաների թիվը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է դպրոցի մասնաշենքի հզորությունը հասցնել 700 տեղի։
Կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, կստանձնի լրացուցիչ 400 աշակերտի համար անհրաժեշտ շենքային ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված գումարային տարբերության ֆինանսավորումը՝ որոշակի վերապահումներով։
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը ընկերակցության հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կտրամադրի լրացուցիչ 400 աշակերտի համար համապատասխան շենքային ենթակառուցվածքների ստեղծման և հետագա պահպանման համար անհրաժեշտ գումարը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ինչպես Կրթության զարգացման պետական ծրագրով, այնպես էլ Կառավարության նոր ծրագրով առանձնահատուկ շեշտադրվում է կրթության ոլորտում մասնավոր հատվածի հետ համագործակցության խրախուսումը և տարբեր ձևաչափերով մասնավոր ներդրումների ներգրավումը։
«2029 թվականի սեպտեմբերին Վարդենիսում թե՛ դպրոցականները, թե՛ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն կունենան հաճախելու ամբողջությամբ հագեցած, ժամանակակից պայմաններով կրթահամալիր, որտեղ կիրականացվի բարձրորակ կրթություն»,- ասել է Անդրեասյանը։