Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կայցելի Մոսկվա, սակայն այցի հստակ ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ երկու երկրների ղեկավարների միջև առկա է փոխադարձ պայմանավորվածություն։
«Ամսաթիվը դեռ հստակեցված չէ։ Նախագահի և կառավարության ղեկավարի միջև առկա է փոխադարձ ըմբռնում և պայմանավորվածություն, որ նման այց տեղի կունենա մոտ ապագայում», – նշել է ՌԴ նախագահի խոսնակը։
Միևնույն ժամանակ, Պեսկովն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը և ԵԱՏՄ-ում երկրի ներգրավվածությանը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայում հարգում են Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկիրը հանդիսանում է ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից։
«Դեպի այլ չափորոշիչներ աստիճանական վերակողմնորոշումը մի շարք ոլորտներում չի համապատասխանում ԵԱՏՄ չափորոշիչներին։ Ահա թե ինչու ենք ասում՝ անհրաժեշտ է ընտրություն կատարել։ Կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկը դուրս չգա ինտեգրացիոն միավորման կանոններին, կարգավորումներին և սկզբունքներին հակառակ», – հայտարարել է Պեսկովը։