Արզական – Քանաքեռ – Զովունի ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Արզական – Քանաքեռ – Զովունի ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ջրատարը վթարվել է երեկ երեկոյան։ Վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է։
«Նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն», – նշվում է հաղորդագրությունում։
Ընկերությունից հայտնում են, որ այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը, իսկ ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։
Ամբողջ գիշեր «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։
«Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել», – նշվում է հաղորդագրությունում։
Ընկերությունը հնարավորինս օպերատիվ կերպով կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես սպառողներին, այնպես էլ լրատվամիջոցներին։
«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված բարդ իրավիճակին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը», – նշել են «Վեոլիա Ջուր»-ից։