Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան և տեղում ծանոթացել մթերումների ընթացքին։
Կոմբինատում խաղողի մթերման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և այժմ ակտիվ փուլում է։ Շրջայցի ժամանակ կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ընդունել մոտ 21-22 հազար տոննա խաղող։ Վերջին տարիների ցուցանիշների համեմատ այս ծավալը բարձր է։ Մթերումների մեկնարկից հետո արդեն ընդունվել է ավելի քան 5000 տոննա խաղող։
2026 թվականի մթերման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Մեկ կիլոգրամ խաղողի մթերման գինը սահմանվել է 150 դրամ։ Պետության կառավարմանը փոխանցված վերամշակող ընկերությունում ընդունված խաղողի դիմաց վճարումները կատարվում են հնարավորինս կարճ ժամկետում՝ հիմնականում մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Շրջայցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանն արձանագրել է, որ այս տարի ևս, նախորդ տարիների նման, խաղողի մթերման գործընթացի հետ կապված խնդիրներ չեն առաջանա։
Այցին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության: Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի կառավարիչ։