Հայաստանը մինչև օգոստոս ներառյալ արտահանել է շուրջ 943 մլն դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը նվազել է մոտ 5%-ով։
Նրա խոսքով՝ արտահանման աճ է արձանագրվել մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրություններ հայկական ծագման արտադրանքի արտահանումն աճել է մոտ 45-46%-ով, Հնդկաստան՝ 2,1 անգամ, իսկ Եվրոպական միություն՝ մոտ 70%-ով։
Միաժամանակ, նվազում է արձանագրվել ԵԱՏՄ շուկա հայկական ծագման արտադրանքի արտահանման դեպքում։
Կառավարությունը օգոստոս ամսվա արտահանման աջակցության ծրագրի շրջանակում նախատեսում է արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ։
Պապոյանի ներկայացմամբ՝ այդ ծրագրի շրջանակում արտահանվել է շուրջ 3 հազար տոննա լոլիկ, ավելի քան 2,2 հազար տոննա պղպեղ, 3,9 մլն հատ ծաղիկ, ավելի քան 2,2 հազար տոննա դեղձ, ինչպես նաև գինի և հայկական բրենդի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ արտահանման ցուցանիշները պետք է վերլուծել ոչ միայն ծավալով, այլև ապրանքների վաճառքի գներով ու ինքնարժեքով՝ հասկանալու համար, թե որքանով է արտահանումը մրցունակ առանց պետական աջակցության։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան