Վարչապետ․ Մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները ՌԴ հետ (PAN.am)

Հայաստանը ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իզվեստիայի» մեկնաբան Նիկոլայ Իվանովի հետ զրույցում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները, խորացնել մեր հարաբերությունները»,- ասել է նա, գրում է Izvestia-ն:

Փաշինյանը հիշեցրել է, որ Երևանը հավասարակշռման քաղաքականություն է վարում և ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին կապերը։ Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվայի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։

Վարչապետը հիշեցրել է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնացած են եղել անվտանգության հարցերի վրա, սակայն այժմ ակնկալվում է դրանց վերափոխում։ Հայաստանի ղեկավարը շեշտել է, որ երկիրը կառուցողական է տրամադրված և ցանկանում է ոչ միայն վերափոխել, այլև խորացնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 21-ին ռուս-հայկական երկխոսությունը երկու երկրների ժողովուրդների շահերին համապատասխանող է որակել։ Նա ընդգծել է, որ այս հարցում կարևոր դեր է ունեցել նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությունը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան չի ֆինանսավորի Երևանի եվրաինտեգրումը, քանի որ այդ գործընթացը, նրա խոսքով, ի վերջո հղի կլինի «օբյեկտիվ հետևանքներով»։

Leave a comment