ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի բացվում Հայաստան-Թուրքիա սահմանը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի բացվում Հայաստան-Թուրքիա սահմանը։
«Ես ավելի շատ կապում եմ դա Հայաստան և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և, այսպես ասած, անդառնալիության կետի անցման հետ, որը, ըստ իմ գնահատականի, միանշանակ մոտ ապագայի խնդիր է»,- ասաց Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա գնահատմամբ՝ այդ «անդառնալիության կետն» ու սահմանը բացելը մոտ ապագայի խնդիր են։
«Որևիցե նախադրյալ չկա, որ ես կարծեմ այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Միաժամանակ Սիմոնյանը շեշտեց, որ խոսքը հենց խաղաղության պայմանագրի ստորագրման մասին չէ։
«Ես չեմ ուզում ինչ-որ մի բանի վրա ֆիքսվենք, բայց եկեք արձանագրեք, որ նաև Թուրքիայի կողմից աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Թուրքիայի տարածքում ևս գործընթացներ են տեղի ունենում, որոնք միտված են ենթակառուցվածքների վերականգնմանը։
«Մեր գործարարներն են գնում այնտեղ։ Պրոցես է, որը դրական ընթացք ունի»,- նշեց ԱԽ քարտուղարը։