Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին 50,9 մլն դրամ չի բավականացնում

Բաժանորդագրվել

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող վարկային ծրագրերով գրասենյակի գործառնական ծախսեր, այդ թվում՝ աշխատավարձեր, նախատեսված չեն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» աշխատավարձերի վճարման համար մինչև տարեվերջ պակասում է 50,934 մլն դրամ։ Կառավարության հաստատած նախագծով` անհրաժեշտ գումարը նախարարության ներսում բյուջետային միջոցների վերաբաշխման միջոցով կապահովվի։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականին գրասենյակի տարեկան բյուջեն հաստատվել է շուրջ 105,5 մլն դրամ, մինչդեռ կանխատեսվող տարեկան ծախսերը կազմում են մոտ 162,4 մլն դրամ։ Սեպտեմբերի 4-ի դրությամբ արդեն ծախսվել է 89,2 մլն դրամը կամ տարեկան բյուջեի 84,4%-ը։

Հատկապես սուղ են աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցները։ 2026 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսվել է ընդհանուր 81,3 մլն դրամ, մինչդեռ գրասենյակի փաստացի ամսական վարձատրության ծախսը կազմում է մոտ 11,4 մլն դրամ։

Հիմնավորման համաձայն՝ հունվար-օգոստոսի վճարումներից հետո տարվա մնացած ամիսների աշխատավարձերի համար նախատեսված միջոցներն այլևս չեն բավարարում։
Խնդիրը ժամանակավորապես մեղմելու համար գրասենյակի պահպանման այլ ծախսերից արդեն 10 մլն դրամ է վերաբաշխվել աշխատավարձերին։

Գործադիրը նշել է, որ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն» ունի 20 հաստիք և համակարգում է առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերը, ինչպես նաև իրականացնում է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և այլ միջազգային ծրագրեր։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող վարկային ծրագրերով գրասենյակի գործառնական ծախսեր, այդ թվում՝ աշխատավարձեր, նախատեսված չեն, ուստի դրանք ֆինանսավորվում են պետական բյուջեից։

Leave a comment