ՊԵԿ․ Առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը

2027 թվականի փետրվարի 8-ից ուժի մեջ կմտնի «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը, որի պահանջներով համապատասխան լիցենզիա չունեցող անձանց կարգելվի կազմակերպության կամ ֆիրմային անվանման, ապրանքային նշանի, կայքի անվանման կամ ցուցանակի մեջ կիրառել խաղային գործունեությանն առնչվող մի շարք անվանումներ՝ օրինակ, «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումները:

Սահմանված պահանջի խախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվել է 500,000 դրամի չափով տուգանք։

Օրենքով արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։

Այս սահմանափակումը տարածվելու է այն անձանց վրա, որոնք օրենքով նախատեսված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա չեն ստացել։

ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից

Leave a comment