Հրապարակվել է Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ զեկույցը՝ 16 արձանագրմամբ

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրապարակել է Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրների վերաբերյալ զեկույց։ Դրանում ներկայացված է 16 արձանագրում՝ կուսակրոնության ուխտի խախտումներից և ֆինանսական անթափանցիկությունից մինչև եկեղեցու քաղաքականացման, կառավարման և Սփյուռքի թեմերում պառակտումների վերաբերյալ պնդումներ։ Զեկույցի հեղինակները դրանք ներկայացնում են որպես Եկեղեցում ձևավորված ճգնաժամի դրսևորումներ։

ՊՈԱԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։

Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։

Դրանց թվում են՝

• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
• պառակտումները Սփյուռքի թեմերում։
Զեկույցի ամբողջական բովանդակությունը հասանելի է այս հղումով։

Հիշեցնենք, որ Եկեղեցու վերաբերյալ զեկույցի պատրաստումը նախանշվել էր դեռ օգոստոսին։ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգումը» ներառվել է առանձին ուղղությամբ․ ծրագրում, մասնավորապես, նախատեսվում է «Եկեղեցու փաստացի պետի հեռացում», կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։

Օգոստոսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեկ ամսվա ընթացքում կհրապարակվի Եկեղեցում առկա «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց, և չէր բացառել նաև ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Սեպտեմբերի 19-ին նա հայտնել էր, որ զեկույցի նախագիծն արդեն պատրաստ է։

Մայր Աթոռը, իր հերթին, հայտարարել է, որ Կառավարությունն իրավասու չէ Եկեղեցու բարենորոգումը դարձնել իր ծրագրի մաս, և որ եկեղեցական բարեփոխումները չեն կարող իրականացվել արտաքին ճնշմամբ կամ իշխանության թելադրանքով։

Leave a comment