Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին արդեն հայտնի են համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերն ու նրանց նախընտրական ցուցակները գլխավորող թեկնածուները։ Համամասնական ընտրակարգով անցկացվող այս ընտրություններում, որոնք ընդգրկում են Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ բնակավայրերը, առաջադրվել են հետևյալ թեկնածուները.
«Հայրենիք» կուսակցությունը, որի առաջին համարն է Աշոտ Սերգեյի Հայրապետյանը։ Կուսակցության նախընտրական կարգախոսն է՝ «Մեկ համայնք, մեկ նպատակ՝ զարգացում»։
Ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորելու է Արսեն Վաղինակի Գևորգյանը։
Ստեփանավանի ավագանու մանդատների համար պայքարելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը, որի թեկնածությունը կուսակցությունը հաստատել էր դեռևս օգոստոսին։
Ինչպես գրեթե բոլոր ՏԻՄ ընտրություններին, ՔՊ-ն ունենալու է նաև իր իսկ ընդդիմությունը։ Ստեփանավանի գործող ղեկավար, վեց տարվա ՔՊ-ի թիմում եղած Արմեն Գրիգորյանն ընտրություններին մասնակցելու է մեկ այլ՝ «Գործարար» կուսակցությամբ։ Գրիգորյանի խոսնակը հայտարարել է, որ իր ղեկավարը չի պատրաստվում ընդդիմադիր դառնալ։
Հինգերորդ ուժը, որ մասնակցելու է ընտրություններին, Երևան քաղաքում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետությունն» է։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսված Հայաստանի 46 համայնքներում։ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցով քվեարկության օրերն են սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։ Ստեփանավանում քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ հանրապետության ևս 18 համայնքների հետ միասին։